Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Հերթական շոկը Թրամփից

Հերթական շոկը Թրամփից
27.05.2018 | 13:13

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շոկի մատնեց արտաքին քաղաքականության փորձագետներին, երբ իր նախընտրական արշավի ժամանակ հայտարարեց, որ պատրաստ է բանակցել Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինի հետ: 2018-ին Թրամփը անսպասելի որոշում ընդունեց ԿԺԴՀ-ի ղեկավարի վերաբերյալ: Արդյունքում Սպիտակ տան տերը հերթական շոկը մատուցեց հասարակությանը` գրում է Դագ Բանդոուն The National Interest-ում: Ոչ մեկի մտքով չէր անցնում, որ բանակցային գործընթացը ԿԺԴՀ-ի հետ հեշտ է լինելու: Տագնապ կար, որ նախագահը անիրական սպասումների գերի է: Խորապես համոզված, որ ԿԺԴՀ-ի հասցեին իր սպառնալիքները Փխենյանին ծնկի են բերել, Թրամփը, հավանաբար, ենթադրում էր, որ նա պատրաստ է հանձնվել, համաձայնելով ապամիջուկայնացման գործընթացի անդառնալիությանը` բարի կամքի ու ապագա օգուտի խոստումների դիմաց: Հիմա Թրամփը ի պատասխան ԿԺԴՀ-ի «բաց թշանամանքի» վճռել է հանդիպումը բեկանել: Իրականում ԿԺԴՀ-ի արձագանքը պատասխանն է ԱՄՆ գործողությունների: Վաշինգտոնը արդեն վճռել էր հաղթանակ տոնել` համարելով, որ ԿԺԴՀ-ն ընդունել է իր բոլոր խիստ պահանջները: Ավելին` ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլտոնը սկսեց գովազդել ապամիջուկայնացման «լիբիական մոդելը»: Քիչ է, որ Լիբիայի համեմատ ԿԺԴՀ-ն ունի առավել զարգացած ռազմական ծրագրեր, ԱՄՆ-ի հարձակման դեպքում պատասխան հարվածի թիրախ էլ ունի (Սեուլ): Ամենակարևորը` Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիին խոստանալով տնտեսական օգուտներ ու բազմակողմանի աջակցություն, ԱՄՆ-ը, միջուկային ծրագրից հրաժարվելուց հետո, օգտվեց Լիբիայի թուլությունից, որ 2011-ին գահընկեց անի Քադաֆիին: Ավելի վաղ ԿԺԴՀ-ն արդեն հայտարարել է, որ երբեք այդ խայծը կուլ չի տա: Իհարկե, ԱՄՆ-ի այդ հայտարարությունները ԿԺԴՀ-ի բացահայտ թշնամանքը հարուցեցին, որին հղում արեց Թրամփը, բայց հյուսիսկորեական ղեկավարությունը չհրաժարվեց հանդիպումից: Փխենյանը որոշեց ԱՄՆ-ին հիշեցնել, որ հանդիպումը ենթադրում է բանակցություններ և ԱՄՆ-ը նույնպես որոշակի պարտավորություններ ունի` դադարեցնել «թշնամական քաղաքականությունը» ԿԺԴՀ-ի նկատմամբ: Ցավոք, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը միայն ավելի խորացրեց խնդիրը, երբ հայտարարեց, որ ԿԺԴՀ-ին սպասում է Լիբիայի ճակատագիրը, եթե գործարքից հրաժարվի: Եվ այդ ամենը Իրանի հետ միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու համապատկերում: Սպառնալիքները ԿԺԴՀ-ի հասցեին հակաարդյունավետ են: Հնարավոր հարձակման բոլոր սպառնալիքները ԿԺԴՀ-ին ևս մեկ անգամ հիշեցրին, որ միջուկային ծրագիրը մշակված էր` կանխելու ԱՄՆ-ի ռազմական հարձակումը: Այնուհանդերձ, ԱՄՆ-ի ու ԿԺԴՀ-ի սամմիթը կարող էր արդյունավետ լինել:

Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը կարող էր վերահսկողության տակ հայտնվել, իսկ Կիմ Չեն Ինը որոշակի զիջումների գնալ: Իհարկե, ԱՄՆ-ը ցանկանում է ԿԺԴՀ-ի լիակատար ապամիջուկայնացումը, բայց հիմարություն է հրաժարվել ցանկացած հնարավորությունից, որ կարող է հանգեցնել Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի սահմանափակման: Հրթիռային ու միջուկային փորձարկումների պարզ արգելքը էականորեն կսահամանափակեր ԿԺԴՀ-ի միջուկային զենքի ու բալիստիկ հրթիռների մշակման հնարավորությունները, որ կարող են հասնել ԱՄՆ: ԿԺԴՀ-ի միջուկային զինանոցի ու զորքերի թվաքանակի կրճատումը, կանոնավոր շփումների ու բանակցությունների շարունակման հնարավորությունը մի շարք հարցերով` սկսած անվտանգությունից մինչև մարդու իրավունքներ, կարող էին լինել ԿԺԴՀ-ԱՄՆ սամմիթի օրակարգում: Սամմիթը նվազագույնը կարող էր նվազեցնել սխալվելու հավանականությունը, որ կարող է հանգեցնել առճակատման ու լայնամասշտաբ պատերազմի: Ցավոք, բեկանելով սամմիթը, Թրամփը բաց թողեց Կորեական թերակղզում լարվածությունը թուլացնելու հնարավորությունը: Նրա որոշումը կասկածներ է հարուցելու ԿԺԴՀ-ում` իսկ ընդհանրապես ԱՄՆ-ը ցանկանու՞մ էր լուրջ բանակցություններ, որ ենթադրում են զիջումներ ոչ միայն ԿԺԴՀ-ի, այլև Վաշինգտոնի կողմից: Զարմանալի կլինի՞, եթե ԿԺԴՀ-ն նորից որոշի բարձրացնել աշխարհաքաղաքական լարման աստիճանը: Սամմիթը բեկանելու Թրամփի որոշումը նաև խարխլում է նրա` Պեկինի աջակցությունը ստանալու փորձերը և Հարավային Կորեայի հետ հարաբերությունների համակարգումը: Թրամփը հարված հասցրեց իր հեղինակությանը տարածաշրջանային դաշնակիցների աչքում:

Պեկինը, հավանաբար, մատնացույց կանի, որ հնարավորն արեց Կիմ Չեն Ինի հետ ուղղակի բանակցությունները կազմակերպելու համար, բայց Թրամփի վճիռը բոլոր ջանքերը ջուրը գցեց: Ինչու՞ հիմա Պեկինն ընդհանրապես պետք է Փխենյանի վրա ճնշումը պահպանի, երբ ԱՄՆ-ը հրաժարվեց ԿԺԴՀ-ի հետ համաձայնագիր կնքելու հնարավորությունից: Ամենավատը` Թրամփի որոշումը կարող են օգտագործել ԿԺԴՀ-ի հետ սամմիթի հակառակորդները` իբրև ռազմական գործողություններ սկսելու արդարացում: Թրամփի կողմնակիցները կարծում էին, որ Կիմ Չեն Ինը ինքը կբեկանի սամմիթը, բայց հիմա ի՞նչ տարբերություն: Ընթացիկ իրավիճակը վտանգավոր է, բայց ռազմական հարվածը տարբերակ չէ: Կենսականորեն կարևոր է, որ ԱՄՆ-ի վարչակազմը կանխի առճակատման վերականգնումը, որը կարող է վերաճել կոնֆլիկտի:
National Interest


Հ.Գ. Հերթական շոկը իրականում Սինգապուրում հունիսի 12-ին նախատեսված հանդիպումից հրաժարվելը չէ, այլ` հրաժարվելուց հրաժարվելը և նորից հանդիպման ու բանակցությունների հնարավորություններից խոսելը: ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ պատրաստ է հանդիպել: Կիմ Չեն Ինը չմերժեց և հիմա ոչ ոք չի կարող հաստատ ասել` կկայանա՞, թե՞ չի կայանա հունիսի 12-ի հանդիպումը: Կամ` մինչև այդ օրը քանի՞ անգամ կողմերը կհրաժարվեն ու կհամաձայնեն միմյանց հանդիպել: Իսկ հարցը գերկարևոր է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2571

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ